ՄԱԿ–ը կրկին զսպվածության կոչ է արել Բաքվին ու Երևանին

ՄԱԿ–ի հերթական ուղերձը հակամարտող կողմերին` կապված է հայ–ադրբեջանական սահմանին առկա լարվածության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik.  ՄԱԿ–ն Ադրբեջանին և Հայաստանին հորդորում է զսպվածություն դրսևորել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք շարունակում ենք կողմերին զսպվածության կոչ անել զերծ մնալ լարվածությունն ավելացնող գործողություններից և երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները», – ասել է նա։
Հիշեցնենք` ադրբեջանցիները մայիսի 12–ից Գեղարքունիքի մարզի Սև լճի տարածքում են և հրաժարվում են հետ քաշվել իրենց դիրքեր։ Հայաստանի ղեկավարությունը նշում է, որ ամեն ինչ անում են այս հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակել
Իսկ ադրբեջանցիներն իրենց հերթին ժամանակ առ ժամանակ սադրանքների են դիմում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
Հրադադարը երասխի ուղղությամբ խախտվել է նաև այսօր` օգոստոսի 6–ին. Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։