ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի` Երևանում տեղադրված արձանը պղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մինչդատական վարույթում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 61 տարեկան:
«Քննությամբ պարզվել է, որ տղամարդը, որը մասնավոր հիմունքներով ներկման աշխատանքներ է կատարել «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգու խաղահրապարակներում, 2021թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախօրոք այգում թողած բենզինը լցրել է նշված այգում գտնվող Մահաթմա Գանդիի արձանի պատվանդանի փոսի մեջ, այրել և դեպքի վայրից դիմել փախուստի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում տղամարդը հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել),իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին անհայտ անձը վնասել էր Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը: