ՌԱԴԻՈ

Մսամթերքի հնարավոր դեֆիցիտը երկու սցենար ունի. Պիպոյանը` մսի թանկացման մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մսամթերքի շուկայում առկա իրողություններին և գնաճի դրդապատճառներին։
Sputnik
Քանի որ մսամթերքի շուկայում գերխոշոր խաղացողներ չկան, ուստի այդ տնտեսությունն ընդհանուր առմամբ ունի փռված տեսք, և այս պահին առաջարկ–պահանջարկ սկզբունքով ձևավորվում է ապրանքի գինը, այսինքն` գլխաքանակի իրականացված մորթի ծավալներն ու այն պահանջարկը, որ կա սպառողների շրջանում, պայմանավորում են գնաճը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։
«Տարիներ շարունակ նշում եմ, որ մենք մսամթերքի շուկայում չունենք կարգավորող որևէ գործառույթ, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների գները հնարավոր լինի կարգավորել։ Բացի այդ, ընթացիկ տարին բավականին չորային է։ Անասնապահությամբ զբաղվող մարդիկ եկամուտների հետ կապված ունենալու են խնդիրներ, և եթե նրանք տեսնում են, որ կարող են թանկ գնով իրացնել մսամթերքը, ապա անպայման գնալու են այդ քայլին»,– ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Պիպոյանի դիտարկմամբ` ներկրված խոզի միսը չի կարող բացը լրացնել, որովհետև այն հիմնականում ուղարկվում է վերամշակման, իսկ իրացման շուկայում շատ քիչ ծավալներ ունի։
Խորոված ուտելու ժամանակը չէ, կամ ինչո՞ւ է Հայաստանում թանկանում խոզի միսը
Բացի դրանից, արդեն չորս է տարի է, ինչ լրջորեն դրված է անասնակերի հայթայթման խնդիրը, ինչի պակասը նույնպես առաջացրել է լուրջ պրոբլեմներ։ Կան նաև այլ գործոններ, որոնք նույնպես այս կամ այն չափով ազդում են խոզաբուծության վրա։
«Էական գնանկում կլինի». Քերոբյանը կարծում է, որ Փաշինյանի «կախարդական փայտիկը» գործում է
«Իսկ ինչ վերաբերում է տավարի մսի թանկացմանը, ապա պետք է նշել, որ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո այս մսատեսակը միակն էր, որ էականորեն չթանկացավ, որովհետև հաջողվեց անասունների մի զգալի գլխաքանակ Արցախից տեղափոխել Հայաստան և տեղում մորթ իրականացնել։ Տավարի մսի մեծ քանակ հայտնվեց շուկայում, ինչն էլ զսպեց գնաճը։ Բայց հիմա ունենք արոտավայրերի խնդիր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, պատերազմից հետո դրանց քանակը զգալիորեն կրճատվել է, սահմանամերձ համայնքներում անասնապահությունը գնալով դառնում է ոչ ձեռնտու։ Այս հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ, և եթե գլխաքանակը կրճատվում է, ապա տավարի մսի գինն անխուսափելիորեն աճում է»,– ասաց փորձագետը։
Պիպոյանի կարծիքով` մսամթերքի հնարավոր դեֆիցիտը կարող է ունենալ երկու սցենար, եթե անասնակերի խնդիրը չլուծվի, ապա մարդիկ ստիպված կմորթեն անասունները, առաջարկը կավելանա, գինը կիջնի, բայց դա լավ կյանքից չի լինելու, իսկ եթե արձանագրվի դեֆիցիտ, ապա գներն անխուսափելիորեն կաճեն, հետևաբար նշված երկու սցենարներն ապահովելու են իրարից էականորեն տարբերվող պատկերներ և ցավալի է, որ այդ սցենարներին պետական մակարդակով անդրադարձ նույնպես չկա։
Նշենք, որ Հայաստանում խոզի մսի գինը բարձրացել է` հասնելով 4000 դրամի: Միաժամանակ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում 3.4 տոկոսով նվազել են խոզի մսի արտադրության ծավալները: Բացի դրանից, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Թանկացել է նաև տավարի միսը, որի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը: