ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները ավարտվեցին։ Տեղեկությունը հայտնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։
«Այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:
Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով այժմ ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ:
Հիշեցնենք` ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները մեկնարկել էին հուլիսի 22-ին։