ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 12 մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
67 պատգամավոր կողմ քվեարկեց ՔՊ-ի նախագծին, որը նախատեսում է 12 հանձնաժողով ձևավորել, ինչպես նաև առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները բաժանել: 27 պատգամավոր դեմ քվեարկեց նախագծին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կգլխավորի Արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և գյուղատնտեսության, եվրոպական ինտեգրման, առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովները:
«Հայաստան» դաշինքը կգլխավորի տնտեսական հարցերի հանձնաժողովը, տարածաշրջանային և Եվրասիական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:
Նշենք, որ Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը։
Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ եթե Արցախի հարցերով հանձնաժողով չստեղծվի՝ կարող են հիմնավոր կասկած ունենալ, որ իշխանությունը հրաժարվում է Արցախից։