Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դրա հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը»,– նշված է հաղոդրագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի` հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ–ն հաստատեց
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։