Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի և Վրաստանի իրողություններին մոտիկից ծանոթանալով` մեկը կարող է զարմանքով բացականչել. «Վա՜յ, ինչ նման են», մյուսը ոչ պակաս անկեղծությամբ կարձանագրի. «Վա՜յ, ինչ տարբեր են»։ Տարբերությունն անմիջապես աչքի է զարնում հենց ինքնաթիռի պատուհանից նայելիս. եթե այնտեղ՝ ներքևում ավարտվում է գեղեցիկ կանաչ տարածքը, և սկսվում են, ժողովրդական լեզվով ասած, «չոլերը», հաստատ իմացեք՝ Վրաստանն ավարտվեց, մտանք Հայաստան։
Իսկ Հայաստանում միանգամից էլ կզգաք նմանությունը՝ իշխանական և ընդդիմադիր ճամբարների խորացող առճակատում, բոյկոտ, համավարակի հերթական ահագնացում և կառավարության շարունակվող փորձեր՝ համոզելու հանրությանը, որ հաջողությունները բոլոր բնագավառներում պարզապես աննախադեպ են։ Ընդ որում` թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում իշխանությունները գերադասում են ընդհանրապես չխոսել կամ առնվազն ամեն կերպ շրջանցել այն հանգամանքը, որ կորոնավիրուսը և տնտեսական ցուցանիշները սերտորեն փոխկապակցված են՝ կարանտինն ավարտվեց, տնտեսությունը սկսեց աճել։ Սա, իհարկե, ամենևին նոր երևույթ չէ։ Հիշեք, թե ինչպես էին մեր անխտիր բոլոր նախկին իշխանությունները հպարտությամբ վկայակոչում իրենց օրոք ձեռք բերված տնտեսական տպավորիչ աճը, թեև նույնիսկ երրորդ դասարանի աշակերտն էր հասկանում, որ եթե քո տնտեսությունը տարբեր պատճառներով՝ պատերազմ, համաշխարհային ճգնաժամ և այլն, գահավիժել է գրեթե մինչև հատակը, դրանից հետո փոսից դուրս գալու յուրաքանչյուր աննշան քայլ կարող ես ներկայացնել որպես օլիմպիական ռեկորդային թռիչք։
Բայց ամենազարմանալի նմանությունը մեր երկու երկրների միջև կարող եք տեսնել քաղաքական կյանքում։ Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում վերջին տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում ընդդիմադիրները այդ ընտրություններից գոհ չեն։ Ու հենց այստեղ էլ սկսվում է տարբերությունը։ Մեզ մոտ ընդդիմադիրները, ըստ լրատվամիջոցների, քննարկեցին կատարյալ բոյկոտի տարբերակը, բայց ի վերջո մանդատները վերցրին և հիմա իրականացնում են, այսպես ասած, իրավիճակային բոյկոտ՝ էս մի հարցի քննարկման ու քվեարկության ժամանակ կբացակայենք, հետո հետ կգանք, այսինքն` գոնե այս տեսակետից ընդօրինակում են նախորդ ընդդիմությանը։
Վրաստանի ընդդիմությունն ի սկզբանե շատ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ մոտ կես տարի ընդհանրապես պառլամենտում չէր երևում, և ի վերջո հասավ այն բանին, որ ապրիլին Թբիլիսի ժամանեցին եվրոպացի միջնորդները, որոնք փակուղուց դուրս գալու բավական տարօրինակ մի ճանապարհային քարտեզ առաջարկեցին։ Այդ աննախադեպ ծրագրի էությունը մոտավորապես սա է. երկու ամսից՝ հոկտեմբերի ամենասկզբում, Վրաստանում տեղական ընտրություններ են անցկացվելու։ Եթե իշխող ուժը՝ «Վրացական երազանքը», այդ ընտրություններում ստանում է ձայների 43 տոկոսից ավելին, ուրեմն իրոք ժողովրդի աջակցությունն ունի, և ընդդիմությունը պետք է դրա հետ համակերպվի։ Բայց եթե 43 տոկոսից քիչ ստացավ, հաջորդ տարի պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Չե՞ք զգում՝ ինչ-որ ծանոթ բան կա. ախր մեր Սահմանադրական դատարանի նախկին նախագահն էլ էր ժամանակին առաջարկում վստահության հանրաքվե անցկացնել։ Չստացվեց։
Վերջին օրերի զարգացումները ստիպում են ենթադրել, որ վրացիների մոտ էլ դժվար թե ստացվի։ Ինչո՞ւ։ Տեսե՛ք։ Այն ժամանակ՝ ապրիլին, ընդդիմությունը համաձայնեց վերցնել մանդատներն ու գալ խորհրդարան, բայց հետո սկսեց իրեն, այսպես ասենք, վատ պահել։ Նախ` Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած քաղաքական ուժը մերոնց նման հայտարարեց՝ կուզեմ, կլինեմ նիստերի դահլիճում, կուզեմ, կբացակայեմ, իսկ հետո, երբ Թբիլիսիում լրագրող մահացավ, և նրա գործընկերները ներխուժեցին խորհրդարան, որոշ ընդդիմադիրներ գրավեցին դահլիճի ամբիոնը։ Իշխանականների համբերությունը սպառվեց, ու նրանք հայտարարեցին. «Բա՛վ է, դուք չեք պահպանում պայմանավորվածությունները, մենք էլ նույնը կանենք, և տեղական ընտրություններում 43 տոկոս չստանալու դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեր խոստումը այլևս առոչինչ է»։
Հաստատ կռահում եք, թե ընդդիմության արձագանքը ինչպիսին էր. «Ահա, վախեցաք, որովհետև հրաշալի գիտեք, որ ոչ մի 43 տոկոս էլ չեք ստանա»։ Մնում է դիմել արևմտյան սոցիոլոգներին։ Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներով` այն ուժը, որը հիմա մեծամասնություն է կազմում Վրաստանի խորհրդարանում, տեղական ընտրություններում կստանա ձայների 28 տոկոսը։ Բայց ախր դուք էլ երևի շատ լավ հիշում եք՝ հայաստանյան վերջին ընտրությունների նախօրեին մեկ այլ արևմտյան կազմակերպության տարօրինակ կանխատեսումները ուղղակի սպանեցին որոշ մարդկանց վստահությունը սոցիոլոգիայի նկատմամբ ընդհանրապես։