Հունական Պելոպոնես թերակղզում ու Էվբեյա կղզում այս գիշեր հրդեհները նոր ուժով են բռնկվել։ Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ կրակը դեռ չեն կարողանում հսկողության տակ վերցնել։
Պելոպոնեսի Էլիդա շրջանում կրակը սպառնում է Օլիմպիայի հնագիտական թանգարանի շենքին։ Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, աղետի վայր են մեկնել հրշեջ ծառայության ավելի քան 170 աշխատակիցներ, շուրջ 50 հրշեջ մեքենաներ, վեց ուղղաթիռներ ու մեկ հրշեջ ինքնաթիռ:
Աթենքի տեղեկատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Էլիդա շրջանում բռնկված հրդեհները ոչնչացրել են մոտ 20 տուն և մոտենում են Օլիմպիայից հյուսիս-արեւմուտք գտնվող Լալաս բնակավայրին:
Ավելի քան 100 հրշեջներ շարունակում են ջանքեր գործադրել Էվբեյա կղզում հրդեհների տեղայնացման ուղղությամբ: Այնտեղ կրակն արդեն 150 տուն է ոչնչացրել։ Երկու գյուղերի բնակիչներին այսօր առավոտյան տարհանել են։
Ուժգին քամիները խանգարում են հրշեջներին։ Քամու պատճառով հրշեջ ինքնաթիռը նույնիսկ չի կարողացել մոտենալ կրակին։
Ըստ որոշ տվյալների` վերջին 24 ժամվա ընթացքում հրշեջները փորձել են 92 անտառային հրդեհ մեկուսացնել։
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերի փոխնախարար Նիկոս Հարդալիասն իր հերթին հայտարարել է, որ ամենադժվարը դեռ առջևում է:
Երեկ նա ասել էր, որ հուլիսին Հունաստանում 1584 անտառային հրդեհ է գրանցվել: Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ավելի վաղ նշել էր, որ Հունաստանը բախվել է 1987 թվականից ի վեր ամենասաստիկ շոգին:
Ըստ հունական ԶԼՄ-ների` Հունաստանի առանձին շրջաններում, մասնավորապես Էվբեյա կղզում ու Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն: