ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունը 20 կմ ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Տեղի բնակիչները օգնության համար դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոնին, քանի որ ջրամատակարարման մոտակա կայանը սահմանազատման գծի մոտ է գտնվում:
Հեռավոր Թաղավարդ գյուղի ջրատարի վրա աշխատանքներ են իրականացվում 2021 թ․-ի հունիսի 11-ից։ Մեկնարկային-կարգավորման աշխատանքներից և 20 կմ երկարությամբ ջրագծի գործարկումից հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով:
«Ներկայումս անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականացվում Թաղավարդ բնակավայրի ջրատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում: Այդ ջրատարն անցնում է սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով էլ անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի ներկայությունը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: