ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երեկ` օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով Սև լիճ-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարդանովի ջոկատի անդամներից են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում։