«Դուք մինչև քվեարկությունը գիտեիք». ինչո՞ւ Սաղաթելյանին 1 ձայն պակասեց

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` իշխող ուժը գիտեր, որ Մհեր Սեդրակյանը չի մասնակցելու քվեարկությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հանրապետությունում չէ, դրա համար էլ չի ներկայացել այսօրվա նիստին։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին հայատարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հայտնել ենք, որ ԱԺ–ն Սաղաթելյանին չընտրեց փոխխոսնակի պաշտոնում` 1 ձայն էր պակասում։ Սակայն «Հայաստան» դաշինքը կրկին Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրեց։
ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե «Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը ինչո՞ւ ներկա չէ ԱԺ նիստին և չի մասնակցում Սաղաթելյանի քվեարկությանը։ Ալեքսանյանը նշեց, որ իր տեղեկություններով` Սեդրակյանը հանգստի է մեկնել և հանրապետությունում չի գտնվում։
«Դավիթ Սեդրակյանը հանրապետությունում չէ, ինչի մասին նա կանխավ հայտարարել էր, և ինչի մասին դուք մինչև քվեարկությունը գիտեիք»,-ի պատասխան նշեց Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին նշեց, որ Սեդրակյանի բացակայությունը հարգելի է (Ի դեպ, Դավիթ Սեդրակյանն ԱԺ պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է)։
«Հայաստանն» ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրեց
Դրանից հետո ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ վերահաստատում են իրենց դիրքորոշումը` որոշ պատգամավորներ կողմ կքվեարկեն Սաղաթելյանին, որպեսզի նա ընտրվի։ Կոնջորյանը վստահեցրեց, որ քվեարկելիս հաշվի են առել, որ Սեդրակյանը չի մասնակցում քվեարկությանը, իսկ թե ինչու է պակասել 1 ձայն` թող իրենք եզրակացություն անեն։
Նշենք, որ պատգամավորները կրկին գնացին քվեարկության. Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու արդյունքները հայտնի կլինի ժամը 14։30-ին։
Հիշեցնենք` փակ–գաղտնի քվեարկության արդյունքում Իշխան Սաղաթելյանն այսօր չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։
Ընտրությանը մասնակցել էր 104 պատգամավոր, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` 1 անվավեր, 53 կողմ, 50 դեմ։
Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 կողմ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։