ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Նարեկ Զեյնալյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովինը` Հերիքնազ Տիգրանյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը․ «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսևորել և մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին»,–գրում է թերթը։
Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջև ձևավորված անդունդը։
Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում․ եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա և կսկսվի առճակատման փուլը։
Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։
Նշենք, որ այս անորոշությունն է նաև պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։
«Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում և որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան է անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։