ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» դաշինքն Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի։ ԱԺ–ում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Դաշինքը կողմնակից է իր նախկին առաջադրմանը։ Այսինքն, եթե նրան առաջարկել ենք որպես ԱԺ նախագահի տեղակալ` նոր ընտրությունների կազմակերպման դեպքում կրկին նրա թեկնածությունն ենք առաջադրում։ Ավելացնելու բան չունեմ»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` «Հայաստան» դաշինքը պաշտպանելու է Սաղաթելյանի թեկնածությունը։
Ընտրությանը մասնակցել էր 104 պատգամավոր, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` 1 անվավեր, 53 կողմ, 50 դեմ։
Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 կողմ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։