3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Գրիգորի Խաչատուրովի փոխարեն 3-րդ բանակային կորպուսը կղեկավարի Ալեքսանդր Ցականյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք` Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց հուլիսի 7-ին։ ՀՀ նախագահը Խաչատուրովին ազատել էր Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք նաև, որ գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։