ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որպես միջնորդ հանդես գալու ԵՄ-ի ցանկությունը կնվազի, ու Մոսկվան «կկարողանա պատժել» Կիևին: Ամերիկացի մեկնաբան Ջոն Ռյուլի այս տեսակետը Sputnik ռադիոկայանի եթերում վերլուծում է քաղաքագետ Յուրի Սվետովը։
Ամերիկացի մեկնաբան Ջոն Ռյուլը National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումից հետո Ռուսաստանը կկարողանա «պատժել» Ուկրաինային»:
Ընդ որում, Ռյուլը գրում է, որ Ուկրաինան չի կարողանա հույսը դնել միջազգային լայն «վրդովմունքի» վրա՝ իր համար նոր հանգամանքների պատճառով:
«Քանի որ Ռուսաստանը շուտով կարող է պատժել Ուկրաինային՝ սահմանափակելով դրա տարածքով գազի տարանցումը ու դրանով չսահմանափակելով իր համար կարևոր արևմտաեվրոպական հաճախորդների շահերը, ԵՄ–ի՝ որպես միջնորդ հանդես գալու ցանկությունը կպակասի», - ՌԻԱ Նովոստին մեջբերում է Ռյուլի խոսքը:
«Կարծում եմ՝ ճշմարտությունն ու սուտն այստեղ խառնվել են իրար։ Ճշմարիտ չեն այն սարսափները, որոնցով փորձում են ապացուցել, որ Ռուսաստանի համար «Հյուսիսային հոսք-2»- ը քաղաքական ազդեցության գործիք է, ոչ թե տնտեսական նախագիծ։ Այդ սարսափազդու պատկերների տրամաբանության համաձայն՝ Ռուսաստանը սրտանց երազում է պատժել Ուկրաինային ու վրեժխնդիր լինել։ Եվ դա չնայած այն բանին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ ասել է, որ մենք «Հյուսիսային հոսք-2» –ի գործարկումից հետո պատրաստ ենք շարունակել Ուկրաինայի տարածքով տարանցումը, սակայն փոխշահավետ պայմաններում», - ասել է Յուրի Սվետովը Sputnik ռադիոկայանի եթերում:
Սվետովի խոսքով` դրա հետ մեկտեղ ամերիկացի մեկնաբանի խոսքերում ճշմարտության չափաբաժին կա:
«Ճշմարտությունն այն է, որ չափազանց երկար է «Հյուսիսային հոսք-2»-ը գտնվում միջազգային հարաբերությունների օրակարգում՝ անհամաչափ տեղ զբաղեցնելով, թեև դա ծավալուն նախագիծ է։ Սա տնտեսական նախագիծ է, իսկ այն օգտագործում են միջազգային հարաբերությունները թունավորելու համար։ Եվ միջազգային հանրությունը Ուկրաինայից արդեն հոգնել է՝ այդ երկրի ղեկավարության մշտական պահանջների և բողոքների պատճառով։ Այդ պահանջները բոլորի նկատմամբ են՝ Ամերիկայի, Գերմանիայի, ՆԱՏՕ–ի, ԵՄ-ի։ Իբր դուք պարտական, դուք պետք է անեք։ Բայց ոչ ոք նրանց ոչինչ պարտական չէ։ Ուկրաինան ունի իր շահերը, թող ինքն էլ պաշտպանի դրանք», - եզրափակել է Յուրի Սվետովը։
Քաղաքագետի խոսքով` միջազգային հարաբերություններում աստիճանական գալիս է այն ընկալումը, որ Ուկրաինան պետք է խոսի Ռուսաստանի հետ՝ պայմանավորվելով «Հյուսիսային հոսք-2» - ի գործարկումից հետո տարանցման մասին։