ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզում սիբիրախտի կանխարգելիչ միջոցառումները թերի են իրականացվել, ինչի պատճառով արձանագրվել են վարակի դեպքեր։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց այս մասին` անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված սիբիրախտի դեպքերին։
«Խոսքը կենդանիների պատվաստումների մասին է, որոնք Շիրակի մարզում թերի էին իրականացվել։ Սիբիրյան խոցի բռնկումից հետո մենք ստիպված ենք եղել շտկել իրավիճակը, կարանտին մտցնել այն համայնքներում, որտեղ հայտնաբերվել են վարակի դեպքեր։ Վարակի այս օջախը մեկուսացված է և նոր դեպքեր չկան ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների շրջանում»,–ասաց նա։
Դանիելյանի խոսքով` տեսականորեն չի բացառվում, որ գրանցվեն սիբիրյան խոցի դեպքեր։ Սակայն պետությունը կատարում է իր պարտավորությունները և պարտադիր պատվաստում է կատարում։
Այս միջոցով ռիսկն իհարկե կրճատվում է, բայց չի վերանում։ Տեսչությունը վերահսկում է կենդանիների պատվաստման գործընթացը և տվյալները ներկայացնում պատասխանատու պետական գերատեսչություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սիբիրյան խոցի պատճառով Շիրակի մարզի Իսահակյան գյուղում խոշոր և մանր եղջերավոր անասունների զանգվածային անկում էր տեղի ունեցել:
Հաղորդվում էր նաև, որ սիբիրյան խոց ախտորոշումով մարդիկ են հոսպիտալացվել։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիս-հուլիս ամիսներին սիբիրախտով վարակվելու 15 դեպք է արձանագրվել։
Վարակվածության 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում, ևս 7 դեպք՝ Շիրակի մարզում։ Դեպքերից ոչ մեկը, բարեբախտաբար, մահվան չի հանգեցրել։