Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին

​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է այն խոսքը, որն առանձին գործիչներ վերջին օրերին հնչեցնում էին մեր խորհրդարանում։
Sputnik
Նրանցից ոմանք շատ հստակ ակնարկում էին՝ իմ օգտին հունիսի 20-ին ձայն են տվել բազմահազար ընտրողներ, որոնք կողմ են արտահայտվել ինձ առաջադրած քաղաքական ուժին, ուրեմն ժողովուրդը բարձր է գնահատում նաև իմ արժանիքները, իսկ ձեր բացասական  գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Մարդ ակամայից ուզում է տալ հանրահայտ հարցը. «Յա, իրո՞ք»։
Ախր հունիսին մենք մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ ընդհանրապես չենք քվեարկել անձերի օգտին, իսկ եթե չկա այդ ռեյտինգային կոչված համակարգը, կներե՛ք, ինչի՞ վրա են հիմնվում ձեր բարձր անձնական ռեյտինգի մասին սեփական դատողությունները։
Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են
Բայց՝ դա էլ մի կողմ։ Ենթադրենք, թե ժողովուրդն անձամբ ձեզ իրոք անչափ սիրում է և քվեարկել է հենց ձեր օգտին։ Համաձայնե՛ք, Ամերիկայի բոլոր առաջնորդներին էլ իրենց ժողովուրդը ընտրել է, դա հո չի՞ նշանակում, որ 46-ն էլ լավն են։ Գիտե՞ք, թե ինչ են ասում, օրինակ, Ջեյմս Բյուքենենի մասին։ Մասնագետները համակարծիք են՝ եթե այդ մարդը ղեկավարեր Ամերիկան ևս 4 տարի, հիմա Միացյալ Նահանգները որպես պետություն ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Ամերիկացի պրոֆեսոր Կորենտին Սելլինը փաստում է. «Նրա նախագահությունն իսկական քաղաքական աղետ էր. այնպես պառակտեց հասարակությունը, որ նրա հեռանալուց ընդամենը չորս շաբաթ հետո կործանարար քաղաքացիական պատերազմ սկսվեց Հյուսիսի և Հարավի միջև,ու ԱՄՆ-ը արդեն բաժանվում էր երկու մասի։ Բարեբախտաբար, Բյուքենենին փոխարինեց Աբրահամ Լինքոլնը»։
Հիմա ասեք, խնդրեմ, երկուսն էլ անկասկած ընտրվել են, բայց արդյոք կարելի՞ է նույն գնահատականը տալ այն ղեկավարին, որն ամերիկացիներին բաժանեց «սևերի» ու «սպիտակների»,  քաղաքացիական պատերազմ հրահրեց, և այն առաջնորդին, որի հսկայական ջանքերի գնով հաջողվեց հաղթահարել իր նախորդի ապաշնորհ գործունեության աղետաբեր հետևանքները ու փրկել երկիրը։
Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք
Սա ես չեմ ասում՝ մի քանի շաբաթ առաջ Սի-ՍՓԱՆ ամերիկյան հեռուստաալիքը հրապարակեց 140 փորձագետների գնահատականների հիման վրա արված եզրակացություններն ԱՄՆ-ի մոտ չորսուկես տասնյակ նախագահների վերաբերյալ։ Նրանց գործունեությունը դիտարկվել է տարբեր տեսանկյուններից՝ մարդկանց համոզելու ունակություն, ճգնաժամերի կարգավորում, տնտեսական կառավարում, բարոյական հեղինակություն, միջազգային հարաբերություններ, Կոնգրեսի հետ համագործակցություն, համընդհանուր իրավական արդարության ապահովում։ Եվ ի՞նչ՝ Աբրահամ Լինքոլնն առաջին տեղում է, Ջեյմս Բյուքենենը՝ ամենավերջին։
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
Բա ասում եք՝ ժողովուրդը ինձ ձայն է տվել, ուրեմն լավն եմ։ Ջեյմս Բյուքենենի հարյուր հազարավոր կողմնակիցներն էլ, իհարկե, հավատացել են, որ նա հենց այն մարդն է, որը Ամերիկան կտանի դեպի պայծառ ապագա, բայց սերունդները հո չեն մոռանա, որ այդ մարդը՝ փոխանակ միավորելու, ամեն ինչ արեց քաղաքացիներին միմյանց դեմ տրամադրելու համար, փոխանակ ամրապնդելու երկրի անվտանգությունը, քիչ էր մնում կործաներ պետությունն ընդհանրապես։
Եվ ինչո՞ւ հեռու գնանք։ Մեր օրերում էլ չափազանց ուսանելի օրինակներ կան, երբ ղեկավարի ինքնագնահատականը խիստ տարբերվում է մասնագետների կարծիքից։ Հիշեք, թե քանի անգամ է Դոնալդ Թրամփը կրկնել. «Ես Ամերիկայի պատմության մեջ ամենալավ նախագահն եմ»։ Իսկ գիտե՞ք, թե ամերիկացի նախագահների այդ ցուցակում որ տեղն են Թրամփին հատկացրել 140 փորձագետները՝ 41-րդ հորիզոնականը, ամենավատ նախագահ Ջեյմս Բյուքենենից ոչ շատ հեռու։ Այնինչ, Թրամփը շարունակում է պնդել՝ ոչ միայն Հիլարի Քլինթոնին, Ջո Բայդենին էլ եմ հաղթել։
Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի
Ճիշտ է, Թրամփի դեպքում պետք է մի կարևոր վերապահում անել՝ այդ մարդը նույնիսկ պարտությունից հետո հիմա էլ հանրապետականների ճամբարում ամենահայտնի գործիչն է, և ամենևին չի բացառվում, որ կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Միգուցե նույնիսկ հաղթի և կարողանա կտրուկ շտկել իր դիրքն Ամերիկայի նախագահների ցուցակում։ Բայց դա, համաձայնեք, ընդամենը ենթադրությունների ոլորտից է։ Իսկ առայժմ ամերիկացի փորձագետները համոզված են՝ այն մարդը, որը փորձում էր բոլորին համոզել, թե իրենից ավելի լավ նախագահ չի եղել, իրականում ամենավատերից մեկն էր։ Թեև որեւէ մեկը չի կասկածում՝ այո՛, միլիոնավոր մարդիկ քվեարկել էին հենց նրա օգտին։