ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնում է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։
«COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», - նշել է Գերմանիայի կանցլերը։
Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Նշենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։