ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։
«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։