ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տնտեսական հեռանկարների մասին կարելի է պատմել բազմագույն գրաֆիկների և դիագրամների միջոցով։
Բայց Դիլիջանի կանաչ գույնն ամառվա շոգին այնուամենայնիվ ավելի համոզիչ կլինի։ Այսպես է որոշել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և չի սխալվել։ Այստեղ աշխատելու հնարավորությունների մասին նա պատմում է այնպես, որ հազար ու մի տեսարժան վայրեր տեսած ռուս գործարարները ցանկանան մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին։
Աննա Դոնչենկոն սոցիալական ցանցերում կրեատիվ և ժամանակակից ոճով ներկայացրել է Հայաստանը։ Պաշտոնյաները սովորաբար բյուրոկրատիայի կանոններով են աշխատում, բայց այս դեպքում ստեղծարարության տրամաբանությամբ է։
View this post on Instagram
Դոնչենկոն սկսում է Դիլիջանի զբոսաշրջային հնարավորություններից․ «Ինչ-որ մեկը ժամանակին ասել է` եթե դրախտում լեռներ, անտառներ և աղբյուրներ լինեին, այն նման կլիներ Դիլիջանին։ Դժվար է չհամաձայնել՝ Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է արգելոցի տարածքով»,-պատմում է Դոնչենկոն` իր խոսքերն ամրապնդելով թռչնի թռիչքի բաձրությունից արված կադրերով։
Մյուս հանգստավայրերի համեմատ Դիլիջանն անշուք է թվում, համենայն դեպս՝ առայժմ։ Բնությունն իսկական է և ոչ մի կերպ ձևափոխված չէ (որպես ապացույց Դոնչենկոն դրոնից նկարահանված ևս մեկ տեսանյութ է ցուցադրում), խոհանոցը՝ նույնպես (դրանում կարելի է անձամբ համոզվել), իսկ քաղաքի կենտրոնում նոր ներդրումային նախագիծ է պատրաստվում։
«Լճակի մոտ, որը քաղաքացիները Կարապի լիճ են անվանում, հանգստի գոտի կստեղծվի՝ այգիներով, վազքուղիներով և հեծանվային ճանապարհներով։ Այստեղ ենթադրվում է համերգներ, փառատոններ և տոնավաճառներ անցկացնել»,-պատմում է հյուրընկալության ոլորտի համաշխարհային միության նախագահ Հրանտ Բաբասյանը։
Մոտակայքում նախատեսվում է մի քանի նոր հյուրանոց կառուցել քաղաքի հյուրերի համար։ Ռուսական կապիտալի մասնակցությամբ այդ ներդրումային նախագիծը բաց է հնարավոր գործընկերների համար։ Այնպես որ, Դիլիջանը հանգիստ կարող է զարգացնել կապերը քույր քաղաք Պյատիգորսկի հետ, որը Ռուսաստանի ամենահայտնի և սիրված հանգստավայրերից է։
Առևտրային ներկայացուցչի հաջորդ կանգատը նոր ինժեներական քաղաքն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Երևանի հյուսիսային արվարձանում։ Եվրասիական միությունում համագործակցության առաջնային ուղղություն են դարձել բարձր տեխնոլոգիաները, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաներն ու նանոտեխնոլոգիաները, ֆոտոնիկան, բնական ռեսուրսների արդյունահանման և վերամշակման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության նոր տեխնոլոգիաները:
Ինժեներական քաղաքը կարող է այդպիսի համագործակցության ելակետը դառնալ։ Այն, իհարկե, այնքան խոշոր չէ, որքան Սկոլկովոն, Նովոսիբիրսկի Ակադեմիական քաղաքը կամ Կազանի Իննոպոլիսը, բայց այստեղ արդեն իսկ մի քանի ընկերություն է գործում, որոնք պատվերներ են կատարում նաև Ռուաստանի համար։ Ընկերություններից մեկը թեստավորման համակարգ է մշակում ռուսական նոր մեքենաների էլեկտրոնիկայի համար, մյուսն էլեկտրոնիկայի ուսումնական հավաքածուներ է պատրաստում ռուսական դպրոցների և վարժարանների համար։
«Այս պահին մենք աշխատում ենք ինժեներական քաղաքում ռուսական ընկերությունների աշխատանքի մասին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկի վրա»,-ավելացնում է Դոնչենկոն։
Երևանում անգամ գետնի տակ կարելի է ռուսական կոնֆետներ ճարել։ Առևտրային ներկայացուցիչն ապացուցում է դա` շարժասանդուղքով իջնելով քաղաքի սուպերմարկետներից մեկը և հարցուփորձ անելով գնորդներին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը Ռուսաստանից ներկրում է մոտ 300 միլիոն դոլարի սննդամթերք և հումք (պարենի ողջ ներմուծման մեկ երրորդը)։ Հիմնական մասը ցորենն ու արևածաղկի ձեթն են, որոնք Հայաստանում օբյեկտիվ պատճառներով չեն արտադրվում կամ բավարար չափով չեն արտադրվում։ Ներկրվում են նաև շոկոլադե կոնֆետներ, հրուշակեղեն, եգիպտացորեն, շաքար։
Հայաստանում տեղական պաղպաղակի զանազան տեսակներ կան, բայց ոմանք ռուսականից էլ չեն հրաժարվում (տարիքով ավելի մեծերին մոսկովյան պաղպաղակի համը մանկությունն է հիշեցնում)։
«Ձգտելու և խանութների ցուցափեղկերն ընդլայնելու տեղ կա»,-ավելացրել է Դոնչենկոն։
Ի դեպ, ՌԴ Վիճակագրական կոմիտեի տվյալնեով՝ անգամ ճգնաժամային 2020 թ․-ին Հայաստան է այցելել մոտ 145 հազար ռուա զբոսաշրջիկ։