ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Կտրականապես չի կարելի հրաժարվել նախաճաշից, ուտելուց առաջ սուրճ կամ մրգային հյութեր խմել, ինչպես նաև խորհուրդ չի տրվում առավոտյան բեկոն ուտել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթում JACC-ի, Science Daily-ի ու Diabetes Care-ի հետազոտությունների հղումով:
Նախաճաշից հրաժարվելը
Մեգապոլիսների շատ բնակիչներ անտեսում են նախաճաշը: Աշխատանքից առաջ քնի ավելորդ րոպեները մարդկանց ավելի կարևոր են թվում։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս արթնանալուց հետո առաջին ժամերին հրաժարվել ուտելուց։
Հետազոտությունը, որին ավելի քան 6500 մարդ է մասնակցել, ցույց է տալիս, որ նախաճաշից հրաժարվելը 87 տոկոսով բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը: Մեկ այլ հետազոտության արդյունքները պակաս զարմանալի չեն։ Նախաճաշի բացակայությունը բացասաբար է ազդում մարդու քաշի վրա։ Մարդիկ, որոնք առավոտյան ժամերին լիարժեք սնվել են, օրվա ընթացքում գրեթե երկու անգամ ավելի շատ կալորիա են այրում։
Ավելին, փորձի մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակը զգալիորեն ցածր է եղել։ Այս մասին գրում է «ՄԿ»-ն՝ հղում անելով արտասահմանյան հետազոտություններին:
Սուրճ ուտելուց առաջ
Ուտելուց առաջ թարմացնող ըմպելիքի օգտագործումը կարող է լրջորեն վնասել մարդու օրգանիզմը։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սոված ստամոքսին խմած սև սուրճը կարող է ազդել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Նախաճաշից առաջ ավելի լավ է մի բաժակ տաք ջուր խմել, իսկ տաք ըմպելիքն օգտագործել ուտելուց հետո:
Նախաճաշին մեկ բաժակ հյութ
Գիտնականները պնդում են, որ նախաճաշին խմած մեկ բաժակ հյութը, ինչպես և ցանկացած այլ քաղցր ըմպելիք, 16 տոկոսով ավելացնում է շաքարային դիաբետի վտանգը: Ավելի լավ է ուտել մեծ քանակությամբ բջջանյութով թարմ մրգեր։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ երկար հագեցվածության համար անհրաժեշտ է սնվել սպիտակուցների և ճիշտ ճարպերի բարձր պարունակությամբ մթերքով։ Նախաճաշը չի կարող բաղկացած լինել երկու խնձորից ու մեկ բանանից։
Բեկոնի օգտագործումը
Ըստ ամաճարակաբանության միջազգային ամսագրում հրապարակված ուսումնասիրության` օրական մեկ կտոր բեկոնը կարող է 20%–ով մեծացնել կոլոռեկտալ քաղցկեղի հավանականությունը։ Օրական ընդամենը 25 գրամ բեկոնը կարող է հաստ աղիքի ուռուցքի առաջացման հանգեցնել։