ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Աստծո դատաստանից չես խուսափի». այսպիսի անսպասելի և շատ առումներով ոչ միանշանակ գրառում է Facebook-ում կատարել հայտնի մարզիկ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ գրառմանը կցելով #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգը:
Զարմանալի չէ, որ օլիմպիական բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանի կրած ցավալի պարտության ֆոնին շատերը որոշեցին, որ Ջուլֆալակյանի մարզիկի գրառումը հասցեագրված է հենց նրան։ Ջուլֆալակյանն ավելի ուշ ստիպված է եղել հավելել գրառումն ու բացատրություն տալ` նշելով, որ նկատի չի ունեցել կոնկրետ որևէ մեկին:
«ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից: Իսկ արժեքը հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականն էր»,- գրել է նա։
Դրանից հետո, ըստ Ջուլֆալակյանի, հետագա մեկնաբանություններն ու ենթադրություններն ավելորդ են, որովհետև իր միտքը պարզ է։
Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 3–ին, ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովին։
Նշենք, որ օլիմպիական խաղերում հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերից արդեն երկուսում մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով հայ մարզիկները զրկվեցին մեդալ վաստակելու հնարավորությունից։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանի հաղթանակը չեղյալ համարեցին, 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, չգիտես ինչու, երկու միավոր շնորհեցին Կարապետ Չալյանի մրցակցին։