ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Տոկիոյում ընթացող 32–րդ ամառային օլիմպիական խաղերի հենց մեկնարկային խաղում։
Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և 1-6 հաշվով պարտություն կրեց՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։
Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։
Քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցչի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Ռիզա Աթրինագարչին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։
Արսեն Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն է օլիմպիական խաղերում։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում: