ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։
«Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության գործընթացը իրենք էլ են վիճարկելու ՍԴ-ում։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը: