ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու, այն դեպքում, երբ մեկ արու զավակ ունեին՝ 5–ամյա Նարեկը:
«Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34–35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երջանիկ մայրիկը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին հոգատար, ջերմ վերաբերմունքի համար:
«Չկա առավել մեծ երջանկություն, քան բազմազավակ մայր լինելը»,–շնորհակալություն է հայտնել երիտասարդ մայրիկը։
Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։