Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին

Ինչո՞ւ Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես եկած մեր երեք ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց նվաճել մեդալ, ու դա էլ դժգոհության պատճառ դարձավ։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ օլիմպիական գորգի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Տոկիոյի օլիմպիական խաղերում օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական հավաքականը վաստակեց արծաթե երկու մեդալ։ Բայց հաշվի առնելով մասնավորապես մեր ըմբիշների հնարավորությունները` հաստատ մեդալների կարող էին լինել ավելի շատ և այլ հարգի։
Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1997,2006) և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր(2001) Կարեն Մնացականյանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչպես հնարավոր է չեղյալ համարել մաքուր հաղթանակը, կամ ինչպես զրկել ըմբիշին բաղձալի մեդալից։
Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր
67 կգ քաշային կարգում Կարեն Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում հաղթեց հունգարացի տիտղոսակիր ըմբիշ Բալինտ Կորպասիին և քառորդ եզրափակիչում եգիպտացի Մոհամեդ Էլսայեդի հետ գոտեմարտում համարվում էր ֆավորիտ։ Գոտեմարտի մեկնարկում Էլսայեդը վեց միավոր վաստակեց, բայց հետո հայ ըմբիշը երկու միավոր հետ բերեց ու, շարունակելով իր գրոհը, մաքուր հաղթանակ տարավ։ Դա արձանագրեցին գորգի և կողային մրցավարները։
Սակայն մի քանի րոպե անց որոշումը փոխվեց, ու գոտեմարտը շարունակվեց։ Ի վերջո գրանցվեց 7։7 հաշիվը, հաղթանակը շնորհվեց եգիպտացուն։ Գոտեմարտի ավարտից հետո Ասլանյանի մարզիչ Սամվել Գևորգյանը չգիտեր` ինչ աներ, աչքերին չէր հավատում ու հազիվ էր իրեն զսպում։
«Մրցավարական կոպիտ սխալ էր, որ մաքուր հաղթանակը չեղյալ համարվեց։ Կարեն Ասլանյանը հստակ ամեն ինչ կատարեց, վաստակեց երկու միավոր ու, շարունակելով գրոհը, մրցակցի թիակները խփեց գորգին։ Սրանից ավելի էլ ո՞րն է համարվում մաքուր հաղթանակ։ Դրա միակ պատասխանը, որը չի համապատասխանում գորգին տեղի ունեցածին, գիտեն հաղթանակը չեղյալ համարողները։ Ասլանյանին զրկեցին կիսաեզրափակչի ուղեգրից, իսկ ես համոզված եմ` նաև մեդալից։ Այսպես հոգեբանորեն էլ կարող են «կոտրել» յուրաքանչյուր ըմբիշի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։ Գոտեմարտի երկրորդ մրցափուլում 1։1 հաշվի ժամանակ հայ ըմբիշը նախազգուշացվեց, երկու միավոր շնորհվեց մրցակցին։ Մեր մարզչի բողոքարկումը մերժվեց ու ևս մեկ միավոր ու բրոնզե մեդալը շնորհվեց մրցակցին։
«Գոտեմարտի հենց սկզբից ադրբեջանցին սկսեց ցուցադրել, որ Չալյանը հարվածում է իր դեմքին։ Սա ըմբշամարտում հայտնի տակտիկա է` մրցավարին ապակողմնորոշելու համար, եթե մրցավարը «լավ չի տեսնում»։ Չալյանը կանոնների ոչ մի խախտում թույլ չտվեց, պարզապես պայքարի բովի մեջ, ևս մեկ անգամ նպաստելով մրցակցի սադրանքին, դարձավ դրա ու «կույր» մրցավարության զոհը»,- Մնացականյանը այսպես է որակում Չալյան-Հուսեյնով գոտեմարտ։
Կարապետ Չալյանից բրոնզե մեդալը խլեցին մրցավարները
Եվ վերջապես 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը պարտվեց Մուսա Եվլոևին։ Պարտությունը այնքան էր դառնացրել օլիմպիական հայ չեմպիոնին, որ մրցանակաբաշխության ժամանակ Արթուրը հրաժարվել է կրել արծաթե մեդալը։
«Առաջին մրցափուլը պետք է ավարտվեր ոչ թե 5։1` Եվլոևի օգտին, այլ 1։1։ Պարտերում աշխատելու ժամանակ, եթե վերևից աշխատող ըմբիշը երկու փորձ կատարում է ու չի կարողանում կա՛մ գլորել, կա՛մ պոկել գորգից և հնարք կատարել մրցակցին, ապա հնչում է կանգնել հրահանգը։ Եվլոևը, վերևից աշխատելիս, ոտքերը մտցնում էր Արթուր ձեռքերի տակ, ու մեր ըմբիշը պաշտպանվելու ժամանակ չէր էլ կարող չկպնել մրցակցի ոտքերին։ Այն տպավորությունն էր, որ Եվլոևին պարտերից աշխատելու այնքան հնարավորություն են տալու, մինչև նա միավոր վաստակի։ Ալեքսանյանն ըստ կանոնների պաշտպանվեց, և գոտեմարտը պետք է շարունակվեր կանգնած դիրքից, իսկ հաշիվն էլ պետք է լիներ 1։1», - ասեց Կարեն Մնացականյանը։
Զրույցի վերջում անվանի ըմբիշը հիասթափությամբ նշեց, որ ըմբշամարտի տարբեր կարգի մրցումներում մրցավարական ախալներ միշտ էլ լինում են։ Բայց օլիմպիական խաղերը անցկացվում են չորս ու այս անգամ` հինգ տարվա ընդմիջումով։ «Արդարությունը նման բարձր կարգի մրցումներում պետք է գերակշռի։ Հակառակ դեպքում տարիների ծանր աշխատանքը մի քանի րոպեում մարդիկ ջուրն են լցում։ Դե արի այդպիսի դեպքերից հետո երեխային համոզի, որ ըմբշամարտով զբաղի։ Կասեն` ի՞նչի համար, մարզվեմ, որ ինձ խաբեն մրցավարները»,–ասաց նա։
Սիմոն Մարտիրոսյանը վերցրեց օլիմպիական արծաթը
Ստացվում է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը այսօր պետք է ունենար առնվազն երեք մեդալ`մեկը ոսկե, մեկն էլ բրոնզե։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչքան հեռու կգնար մրցումներում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Մեզ նման հաճույքից պարզապես զրկեցին մրցավարները։ Սա է հետևությունը։