ՄԻՊ–ը կուսումնասիրի խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցը

Լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ՄԻՊ–ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում։
Նշվում է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:
Նվաստացուցիչ և ստորացուցիչ է. ԱԺ-ի նոր կանոնները զարմացրել և զայրացրել են լրագրողներին
«Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով:
Հիշեցնենք, որ Աժ 8-րդ գումարման նստաշրջանը մեկնարկել է խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներով։
Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են
Նրանց տեղաշարժը հսկում են Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, առաջիկայում նախատեսվում է ընդհանրապես արգելել լրագրողներին մուտք գործել խորհրդարանի շենք, լինել միջանցքներում, հարցազրույցներ իրականացնել հայրենի օրենսդիրների հետ:
Նշենք, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով չեղարկել լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումները: Նրանք պատրաստվում են նաև Աժ խոսնակի հետ քննարկել հարցը։