ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի զորավարժարանում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` զրահամեքենաների վարորդները լեռնային տեղանքի պայմաններում կատարելագործել են ականապայթյունային պատնեշի արանքով առավելագույն արագությամբ շարասյունով անցնելու հմտությունները։
Զինծառայողները հետ են մղել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի հարձակումը, իսկ վերանորոգման մասնագետները, ԲՌԷՄ–Կ կիրառելով, վնասված մեքենաներն ամենասեղմ ժամկետում դաշտային հավաքակայան են տարհանել նրանց մարտունակությունը վերականգնելու համար։
Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված են եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: