ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանը պատասխանել է հարցին, թե Քառօրյա պատերազմի ժամանակ ինչպես կարող էր լինել առաջնագծում, եթե մայիսին մարտական գործողություններն արդեն ավարտված էին։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի Արթուր Խաչատրյանը նշեց, որ Հակոբ Արշակյանի կենսագրության մեջ նշվում է` 2016-ին ապրիլյան պատերազմում ծառայել է առաջնագծում։ Կայքերից մեկի հարցմանը ՊՆ–ն պատասխանել է, որ ՔՊ–ի կամավորական ջոկատը 2016-ի մայիսի 14-ից գործուղվել է պաշտպանության բանակ` Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր։
Խաչատրյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս են մայիսին մասնակցել Ապրիլյան պատերազմին, երբ այն 40 օր է` վերջացել էր, իսկ Ճանկաթաղն առաջնագծից 35 կմ հեռու է։
Արշակյանը հայտարարեց, որ Քառօրյա պատերազմ ասելով նկատի է առնվում այն ժամանակահատվածը, երբ անհրաժեշտություն կար և ՊՆ–ն ներգրավում էր հավելյալ ուժեր։
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել , որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը սկզբում անցել է վերապատրաստում երևանամերձ համապատասխան զորամասում , հետո նոր գնացել է նշված վայր։ Ամենևին չմտնելով մանրամասնությունների մեջ` ասեմ, որ նշված վայրը տեղակայման վայրն է, իսկ բուն գործողությունների, ինժեներական աշխատանքների մասը բոլորովին այլ վայր է»,–ասաց Արշակյանը։
Նա շեշտեց, որ Սեյրան Օհանյանն էլ ԱԺ–ում ներկա է, իր նախարար եղած տարիների ընթացքում է եղել, ընդամենը կարող են հարցնել, ճշտումներ անել և անհրաժեշտության դեպքում հավելյալ կարող են քննարկել այդ հարցը։
Արշակյանը նաև նշեց, որ պատերազմի առաջին օրվանից անձամբ Մարտակերտում է եղել և իր կենսագրության մեջ նա երբեք չի գրի այնպիսի բան, որը կասկածների տեղիք կտա։ Զինկոմիսարիատում նրան տվել են համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է վերոգրյալի մասին։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 2-ին 1994-թվականի հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ խոշոր մարտական գործողություններ տեղի ունեցան, որոնք շարունակվեցին մինչև ապրիլի 5-ը։ Այդ օրը Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի աջակցությամբ, կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայկական կողմի կորուստները կազմեցին ավելի քան 100 մարդ։