Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են

​Եկեք անկեղծ լինենք։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկն արդեն ցույց տվեց, որ բարդանալու է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների աշխատանքը։
Sputnik
Հին խորհրդարանում իշխանությունը գործ ուներ, մեղմ ասած, ոչ այնքան արմատական ընդդիմության հետ, որի առնվազն մի մասը, նույնիսկ պարտություն կրելով արտահերթ ընտրություններում և դուրս մնալով Ազգային ժողովից, երևի, այդպես էլ մինչև վերջ չհասկացավ՝ ինքն ընդդիմությո՞ւն էր, թե՞ այլընտրանք։
Հիմա նույն իշխանությունը, որը սովոր էր այդ, կներեք, փափկասուն ընդդիմությանը, գործ է ունենալու բոլորովին այլ ընդդիմության հետ,  որն ունի արմատական տրամադրություններ, իշխանության դեմ անզիջում պայքար մղելու և առաջին իսկ հնարավորության դեպքում այդ իշխանությունը և նրա լիդերին տապալելու անհագ ցանկություն։ Եվ ուրեմն, կարող ենք իրավամբ եզրակացնել՝ բոլոր կամուրջներն ի սկզբանե այրված են։
Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք
​Մի կողմից, սա մեր հասարակությանը որևէ լավ բան չի խոստանում։ Նախ, քաղաքական ուժերի համագործակցության իսպառ բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է առանց այն էլ պառակտված հասարակության տարբեր շերտերի և խմբերի էլ ավելի բևեռացմանը։ Բա հո պատահակա՞ն չէր, որ ընդամենը մի քանի օր առաջ քրեական պատասխանատվություն սահմանվեց հայհոյանքի համար։ Ուրեմն, ասում են հոռետեսները, մտավախություն կա, որ մարդիկ այլևս միայն վիրավորանքով չեն սահմանափակվելու։
​Եվ երկրորդ բացասական հանգամանքը։ Բոլոր մասնագետները համակարծիք են՝ երբ որևէ երկրում ընդդիմությունը կտրականապես հրաժարվում է գործ ունենալ իշխանության հետ, իշխանությունը սկսում է, այսպես ասենք, «կարծրանալ», գնալով ավելի ու ավելի անհանդուրժող է դառնում, մտածում է միայն ու միայն իշխանական լծակները հավերժ իր ձեռքին պահելու մասին, և ի վերջո նույնիսկ քաղաքականությամբ առանձնապես չհետաքրքրվող հասարակ քաղաքացին է նկատում, որ իր շուրջը սեղմվում է բռնապետության օղակը։
​Էստեղ տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կարող է անել արմատական ընդդիմությունը մեծամասնության դեմ։ Այս հարցի պարզագույն պատասխանը դեռ ավելի քան երեք տասնամյակ առաջ ՀՀՇ-ի համագումարում տվեց նորաստեղծ կուսակցություններից մեկի առաջնորդը, որը ուղղակի գրավեց ամբիոնը ու հրաժարվեց ազատել այն։ Քաշքշեցին, փորձեցին պոկել, բայց պինդ էր գրկել։ Ստիպված՝ ընդմիջում հայտարարեցին։
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
​Քա՛վ լիցի, հանկարծ տպավորություն չստեղծվի, թե կոչ եմ անում մեր ընդդիմադիրներին բռնություն կիրառել խեղճ ամբիոնի նկատմամբ։ Մանավանդ, որ իշխանավորները մեր սահմանների անվտանգությունն ապահովելու փոխարեն գերադասում են ամրապնդել ու կատարելագործել անվտանգությունն Ազգային ժողովի ներսում, լրացուցիչ մետաղորսիչ սարքեր են տեղադրում։ Այնպես որ, կարծում եմ՝ պառլամենտի անվտանգության աշխատակիցներից մեծ ջանքեր չեն պահանջվի գրավյալ ամբիոնը շատ արագ ազատագրելու եւ ընդդիմության հետագա ոտնձգություններից զերծ պահելու համար։
Եթե բոլոր նախկինները փոխել են, ինչու ներկաները չպետք է փոխեն Սահմանադրությունը
​Ինչ վերաբերում է քաղաքակիրթ, օրինական պայքարի միջոցներին, ապա պառլամենտական ընդդիմության զինանոցում դրանք այնքան էլ շատ չեն։ Ասում եք՝ դեմ քվեարկել կառավարության բերած անխտիր բոլոր օրինագծերին։ Չի՛ օգնի։ Կարելի է անվերջ վիճաբանել, թե ինչու աշնանային պարտությունից հետո, երբ ադրբեջանցիներն արդեն հաստատվել են Հայաստանի տարածքում և աննախադեպ արտագաղթ է սկսվել, ընտրողները կրկին քվեարկեցին նույն ուժի օգտին, բայց փաստն այն է, որ այդ ուժը պահպանեց իր մեծամասնությունն այս նոր խորհրդարանում եւ առանց ընդդիմության շատ հանգիստ կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ։
​Մնում է բոլորիս քաջ ծանոթ բոյկոտը, որն էլ մեր ընդդիմությունը կիրառեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանի հենց առաջին օրը։ Սակայն երևի կհամաձայնեք՝ ընդդիմության բոյկոտը մի միջոց է, որն, իհարկե, կարող է դուր գալ այն կիրառող քաղաքական ուժի կողմնակիցներին, բայց պառլամենտական մեծամասնության  վրա բացարձակապես որևէ ազդեցություն չի գործում։ Սրանում մենք նույնիսկ մեր նորագույն պատմության ընթացքում ենք մի հազար անգամ համոզվել։
Բարձրաստիճան հայի բախտը Երկրի հակառակ կողմերում
Բայց եթե դրանից հետո էլ պատրանքները չեն վերացել, կարող եմ վկայակոչել «Ֆորեյն փոլիսի» հանդեսը, որը փաստում է. «Բոյկոտի և դրա կիրառման սպառնալիքի ավելի քան 170 դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հազվադեպ բացառությամբ, բոյկոտները սովորաբար աղետալի հետևանքներ են ունենում այն կուսակցությունների համար, որոնք դիմում են այդ միջոցին, գրեթե երբեք չեն գրավում միջազգային հանրության ակնկալվող ուշադրությունը, չեն հանգեցնում պատժամիջոցների, այլ միայն ամրապնդում են գործող առաջնորդի և նրա կուսակցության իշխանությունը, նպաստում դրանց սանձարձակությանն ու ամենաթողությանը»։ Համաձայնե՛ք, երեւի արժե խորհել այս ամենի մասին։