ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին ՀՀ փոխվարչապետ նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։
Բացի այդ, Փաշինյանն առաջարկել է Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանին՝ էկոնոմիկայի նախարար։
Իսկ ահա արդարադատության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Տիգրան Խաչատրյանին։
Թե ով կլինի արտաքին գործերի նախարարը, դեռ հայտնի չէ. վարչապետից դեռ նման առաջարկ չեն ստացել։
Նշենք, որ վերոհիշյալ անձանցից միայն երկուսն են նոր իրենց պաշտոնում` Տիգրան Խաչատրյանը և Կարեն Անդրեասյանը։
Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-16թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։
Սահմանադրության համաձայն` կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ–ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: