ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 237–ով և դարձել 230713։