ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց ՌԴ դեսպանատան մոտ Ալեքսեյ Նավալնիին աջակցելուն ուղղված բողոքի ակցիաներին իր մասնակցելը։
Մանուկյանը փորձեց ճշտել, թե Արշակյանը Նավալնիի գործունեության մասին այժմ ինչ կարծիք ունի։
«Խնդրում եմ դուք որակումներ չտաք, թե ես որ երկրի դեմ կամ կողմ եմ երբևէ ակցիաներ արել, որովհետև երբևէ որևէ միջոցառում, որին ես մասնակցել եմ որևէ պետության դեմ չի եղել։ Այն, ինչի մասին դուք նշում եք, մոտ 10 տարի առաջվա իրավիճակային դրվագային միջոցառում է եղել, և ես այդ մասով չեմ ցանկանա մեկնաբանություն տալ»,–ասաց Արշակյանը։
Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացի է և ելնում է Հայաստանի շահերից, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։
«Դա նշանակում է, որ մեր շահերը զուգահեռվում են, այլ ոչ թե խաչվում և այն երկրները, որոնց դեմ ես հանդես կգամ հակառակ վերաբերմունքով, դրանք Հայաստանի թշնամիներն են և հակառակորդները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և ես իմ գործունեությամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ գործընկերային հարաբերություններն էլ ավելի խորացվեն»,–ասաց նա։
Նրա խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելիս` ինքը բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանել ՌԴ գործընկերների և Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։