ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։
«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար», – նշել է Սոկոլովան։
Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։
Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։
Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%–ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։