Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ

Կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Սևանի ձկան որսի հարցում բոլորս թերանում ենք. Սանոսյանը կարծում է` խաղի կանոնները հստակ չեն
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 303 պայմանագիր շուրջ 221տ 164կգ ձկան որս իրականացնելու համար։
Նշվում է, որ վաղը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կհրավիրվի խորհրդակցություն՝ ամփոփելու արդյունագործական որսաշրջանի երկրորդ փուլը, քննարկելու արդյունքները և արձանագրված թերությունները։
«Կարվի հնարավորը, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց համար լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը:
Հիշեցնենք` Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա։
Սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը