Արմեն Սարգսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ կառավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք երեկ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։