ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուս մասնագետները պատրաստվում են Սիրիայում երրորդ գիտարշավն իրականացնել սիրիացի գործընկերների հետ` ռազմական գործողությունների ժամանակ տուժած մշակութային ժառանգության որոշ օբյեկտների պահպանման աշխատանքներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի մամուլի ծառայությանը:
2020 թվականի օգոստոսին ինստիտուտը Սիրիայի թանգարանների ու հնությունների դեպարտամենտին (DGAM) էր հանձնել Պալմիրայի ներկա վիճակի լրամշակված 3D-մոդելը: Ռուս գիտնականները Պալմիրա էին մեկնել 2016 ու 2019 թվականներին։
«Այժմ պատրաստվում է հերթական՝ երրորդ համատեղ ռուս-սիրիական գիտարշավը, որի նպատակը լինելու է Սիրիայի հուշարձանների փրկության աշխատանքներ իրականացնելը։ Երկու երկրների գիտնականներն անհրաժեշտ աշխատանքներ կիրականացնեն ու մի շարք հուշարձանների թվային տվյալների բազաներ կկազմեն, այդ թվում` 3D-մոդելներ», - ասել է ՌԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Նատալյա Սոլովյովան:
Նա հիշեցրել է, որ միջազգային արշավախումբը 2021 թվականին սկսել է իրականացնել «Վաղ քրիստոնեական եկեղեցիների պահպանում» նոր նախագիծը, որի շրջանակում հետազոտել են վաղ միջնադարի բյուզանդական հուշարձանները՝ Սիրիայի Համայի մարզի Դեյր ալ Սալիբ գյուղում գտնվող V-VI դարի եկեղեցիներն ու Քասր իբն Վարդան բազիլիկը, որը հայտնի է նաև որպես Չորս տարերքի տաճար:
Հիշեցնենք` 2015 թվականի մայիսին ահաբեկիչները գրավել էին Պալմիրան՝ ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը, որի հնագիտական հուշարձանները 1980 թվականից ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
2016 թվականի մարտի վերջին սիրիացի զինվորականները ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին քաղաքը, սակայն 2016 թվականի դեկտեմբերին Պալմիրան կրկին հայտնվեց ծայրահեղականների ձեռքերում: Քաղաքը 2017 թվականի մարտի 2-ին ազատագրվեց գրոհայիններից, որոնք ականապատել էին Պալմիրայի պատմական մասն ու բնակելի թաղամասերը: Ռուս մասնագետները մեկուկես ամիս ականազերծում էին քաղաքը։
Ահաբեկիչները հասցրել էին ոչնչացնել այնպիսի կարևոր շինություններ, ինչպիսիք են Բելի և Բաալշամինի տաճարները, Հաղթական կամարը, մեծ թվով աշտարակներ ու ստորգետնյա դամբարաններ։