ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։