Փաշինյանի գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը. Տոկաևը շնորհավորել է վարչապետին

Ղազախստանի նախագահը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կնպաստի Հայաստանի ու Ղազախստանի հարաբերությունների խորացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը համաձայնել է. Փաշինյանի առաջարկած թեկնածուները նոր պաշտոններ ստացան
«Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը ձեր ուղեգծի լայն աջակցության վառ վկայությունն է։ Այն ուղղված է հասարակության մեջ կայունության, միասնության ու համերաշխության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը», - նշված է Տոկաևի շնորհավորական ուղերձում:
Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։