Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք

Եկեք անկեղծ լինենք։ Ինչպիսի խորհրդարան ընտրես, այնպիսի կառավարություն էլ կունենաս։ Արդյոք ճի՞շտ է այս պնդումը, այսօր դեռ դժվար է ասել, որովհետև մեր պառլամենտը նոր է սկսում աշխատել, կառավարությունն էլ առաջիկայում է կազմավորվելու։
Sputnik
Բոլոր կառավարությունների ձևավորման գործընթացը ենթարկվում է նույն օրինաչափություններին՝ համոզված էր բրիտանացի պատմաբան, դրամատուրգ և լրագրող, երգիծական ստեղծագործությունների հեղինակ Սիրիլ Նորքթոն Փարքինսոնը, որի անունով են կոչվում հայտնի օրենքները։ Փարքինսոնի օրենքներին մանրամասն չեմ անդրադառնա, մանավանդ որ դրանցից յուրաքանչյուրը լրացուցիչ բացատրությունների կարիք ունի։
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
Վերցրեք թեկուզ հենց առաջին օրենքը. «Աշխատանքի համար հատկացված ժամանակը լցվում է աշխատանքով»։ Ենթադրենք` դուք օգտակար գործ եք անում, իսկ ինչ-որ մեկին հանձնարարվում է վերահսկել ձեզ։ Այդ ինչ-որ մեկը, որը ձեր արած գործից բացարձակ որևէ գաղափար չունի, ստիպված ստեղծում է մասնագիտական հանձնաժողով, բայց քանզի էլի կասկածում է, որ մասնագետներն իրեն ճիշտ եզրակացություններ են ներկայացնում ձեր արած գործի վերաբերյալ, մի հատ էլ հատուկ բաժին է ստեղծում այդ մասնագետներին վերահսկելու համար։
Ու ի վերջո դուք հայտնաբերում եք, որ այդ կատարյալ ապուշը ձեր գլխին մի հսկայական կառույց է ստեղծել, այսինքն` իրեն հանձնարարված աշխատանքի ժամանակը լիուբոլ լցրել է աշխատանքով։ Ծանո՞թ պատկեր է։ Ի դեպ, Փարքինսոնը նաև այսպիսի շատ պարզ պնդում ունի՝ եթե որևէ բան ստեղծող աշխատողն ավելի քիչ է ստանում, քան նրա աշխատանքը կառավարող աշխատողը, վերջ, կարող եք համոզված լինել, որ գործն արդեն տապալված է։
Հիշեցի, որ դեռ սովետի ժամանակ, երբ Հայաստանում բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ էին գործում, դրանցից մեկում աշխատող ընկերս հարցնում էր. «Գիտե՞ս, թե մեր 80-հոգանոց կոլեկտիվում քանիսն են իրական գործ անում՝ 5 հոգի, որոնք բավական համեստ աշխատավարձ են ստանում»։ Զարմանում էի. «Բա տնօրե՞նը, նրա երեք տեղակալնե՞րը, 7 բաժինների ղեկավարնե՞րը»։ Ծիծաղում էր։
Բայց շեղվեցինք։ Անցնենք կառավարություններին։ Փարքինսոնի կարծիքով` դրանց անդամների իդեալական թիվը 5-ն է։ Երկուսը միշտ կարող են բացակայել, միևնույնն է՝ քվեարկելու համար երեք հոգի կմնա։ Այդ հինգից չորսը զբաղվում են պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող չորս բնագավառներով՝ ֆինանսներ, արտաքին քաղաքականություն, պաշտպանություն և արդարադատություն։ Մնաց մեկը, որը այդ բնագավառներից բացարձակ գաղափար չունի, դե նա էլ, բնականաբար, դառնում է վարչապետ։
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին
Իհարկե, 5 թիվը միանգամայն հարմար է՝ մարդկանց շատ հեշտ է հավաքել, նրանց միջև վեճերը քիչ են, ամեն մեկն էլ իր գործով է զբաղվում։ Բայց ախր աշխարհում որտե՞ղ եք տեսել 5-հոգանոց կառավարություն։ Դրա համար էլ անդամների թիվը գրեթե կրկնապատկվում է՝ դառնում է 9։ Այդ 9-ից երեքը մշակում են կարևորագույն բնագավառների քաղաքականությունը, երկուսը տեղեկություններ են մատակարարում, որպեսզի այդ երեքը ճիշտ պատկերացնեն երկրի իրական վիճակը, մեկն էլ աշխատում է որպես, այսպես ասենք, «փողի մասին հիշեցնող»։
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
Սա երևի թե ամենակարևորն է, որովհետև հենց ինչ-որ մեկը մեր էկոնոմիկայի նախարարի նման գրի, թե կարող ենք ունենալ արագընթաց գնացք, որը Թբիլիսի կհասնի 2 ժամում, փողի մասին հիշեցնողը անմիջապես հարց կտա՝ իսկ մեր խղճուկ բյուջեում այդքան գումար կա՞։ Եթե այս 6-ին գումարենք վարչապետին, գոնե կհասկանանք, թե 9 անդամից 7-ը ինչ են անում։ Բա մնացած երկո՞ւսը։ Եթե նրանք պարզապես ձևի համար չեն, ասում է Փարքինսոնը, ուրեմն նրանց գործառույթը հանրության ինչ-որ խմբերի շահերը ներկայացնելն է և անընդհատ բոլորին համոզելը, որ առանց իրենց կաբինետը ընդհանրապես չի կարող աշխատել ու անխուսափելիորեն կքանդվի։ Իրականում կաբինետի քանդվելու գործընթացը հենց այստեղից էլ սկսվում է՝ հասարակության մյուս խմբերը բողոքում են՝ բա ինչո՞ւ մեր ներկայացուցիչները չկան կառավարությունում, և կաբինետը սկսում է աճել ու աճել։
Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
Իրականում, ինչպես հասկանում եք, Փարքինսոնը, խոսելով միայն կաբինետի մասին, նկատի ուներ չինովնիկների հսկայական բանակի ուռճացումը։ Որովհետև եթե դուք միավորում եք մի նախարարությունում, ասենք` կրթությունը, գիտությունը, մշակույթը և նույնիսկ սպորտը, դա ամենևին չի նշանակում, որ ամբողջովին կրճատում եք չինովնիկներին։ Իսկ 2008 թվականին մի ծավալուն ուսումնասիրություն է անցկացվել աշխարհի 197 պետություններում և պարզվել է՝ որքան շատ են չինովնիկները տվյալ երկրում, այնքան ցածր են, այսպես կոչված՝ մարդկային պոտենցիալի զարգացման ցուցիչը, քաղաքական կայունությունը և կառավարման որակը։ Հիմա ասեք խնդրեմ՝ արժե՞ր արդյոք հսկայական գումար ծախսել նման համապարփակ համաշխարհային հետազոտության վրա՝ Փարքինսոնին լսեիք։