ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրերով Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ, Նարեկ Մկրտչյանը`աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար։
Նշենք, որ ՀՀ նախագահը փաստաթղթերը ստորագրել է համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկությունը։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը կատարում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները, իսկ Նարեկ Մկրտչյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալն էր։
Նշենք, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ–ն դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում 150-րդ հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: