Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամներ

«Դելտա» և բրիտանական մանրէահիմքը վարակվածների օրգանիզմում ավելի արագ է բազմանում։ Որոշ տվյալներով`ավելի քան 20-100 անգամ շատ վիրուսային մասնիկներ են առաջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին  իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
137 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը»,–նշված է հաղորդագրության մեջ:
«Դելտա» մանրէահիմքը վարակվածների օրգանիզմում ավելի արագ է բազմանում։ Որոշ տվյալներով` ավելի քան 20-100 անգամ շատ վիրուսային մասնիկներ են առաջանում, քան «ուհանյան» տարբերակի դեպքում։
Կորոնավիրուսի, այսպես կոչված, բրիտանական շտամն էլ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ևս ավելի արագ է տարածվում. 36 տոկոսով վերարտադրողականությունն ավելի բարձր է, քան նախորդ շտամինը։
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր  օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։
Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։