ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Մեծարգո վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի մեր մաղթանքները»,–գրել է կաթողիկոսը:
Գարեգին Բ–ն նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է դարձնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը և մեր հայրենիքում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Նրա խոսքով` առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենական ապահով բարօր կյանքի կերտման աստվածահաճո ուղին ներքաղաքական լարվածության լիցքաթափումն է ազգային անդաստանում համերաշխության ու միաբանության մթնոլորտի հաստատումը:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հավատարիմ իր կոչմանը, պիտի շարունակի իր աջակցությունը բերել մեր պետականության զորացմանը՝ իր կարողություններն ի սպաս դնելով նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել արդյունավորմանը, աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը և հոգևոր կյանքի առաջընթացին»,–ասված է կաթողիկոսի ուղերձում:
Վերջում Գարեգին Բ–ն մաղթել է, որ երկնավոր Տերն իր օրհնության ներքո խաղաղ ու անվտանգ պահի Հայաստան ու Արցախ մեր հայրենին, բարեշեն կյանք շնորհի մեր ժողովրդին, իսկ վարչապետին`հայրենաշահ ձեռքբերումներ:
Նշենք, որ այսօր ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ապա նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Փաշինյանին կրկին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը։