ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայտնի բլոգեր և ռեփեր Դավան (Դավիթ Մանուկյան) այժմ Երևանում է։ Նրա հետ Հայաստան է ժամանել նաև 11 տարեկան ֆոտոմոդել և բլոգեր Միլանա Խամետովան։
Sputnik Արմենիայի թղթակիցը ռեփերին նկատել է մայրաքաղաքի սրճարաններից մեկում։ Պարզվել է` Մանուկյանն իր թիմի հետ երկու օրով է Հայաստան եկել, մեկ օրը նվիրված է լինելու նկարահանումներին։ Ամենայն հավանականությամբ, հերթական տեսահոլովակն է նկարահանվելու։
Երևանում Դավային շատերն են ճանաչել և խնդրել, որ լուսանկարվեն նրա հետ։
Բլոգերն Instagram–ի «սթորիզ» բաժնում արդեն մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում միրգ ու խմորեղեն է համտեսում Միլանայի հետ։
«Այն պահը, երբ Հայաստան ժամանեցինք... Խաչապուրի, շոկոլադ–մոկոլադ, մրգիկներ, դեղձ», – ասում է բլոգերը կովկասյան առոգանությամբ։
Մանուկյանն իր տեսագրություններում փորձում է փոխանցել երեկոյան Երևանի ոգին. նա Միլանայի հետ զբոսնում է քաղաքի կենտրոնում և նկարահանում փողոցներում նվագող երաժիշտներին։ Դավային հատկապես դուր են գալիս Հյուսիսային պողոտայում նվագող պատանի կիթառահարն ու Կասկադում հանդիսատեսի մեծ բազմություն հավաքած ջութակահարը։
«Ջերմ մթնոլորտ է։ Շատ գեղեցիկ է», – տեսագրություններից մեկն այսպես է մեկնաբանել նա և խոստովանել, որ ջութակ շատ է սիրում։
Երևում է, որ Դավան և Միլանան հրաշալի ժամանակ են անցկացնում Երևանում։