ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ ընտրությունը փակ գաղտնի էր անցկացվում։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Ալեն Սիմոնյանը ստացել է 71, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը` ոչ մի ձայն։
Հայտնել էինք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նախագահի ընտրությունը և լքեցին նիստերի դահլիճը։ Հարցն այն է, որ ինչպես «Հայաստան» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Մխիթար Զաքարյանը, այնպես էլ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն` Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են։
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ նրանց ազատ արձակեն, և 2 պատգամավորներն էլ կարողանան ներկա լինել ԱԺ նիստերին։
Հավելենք, որ առաջին փորձից ԱԺ նախագահ ընտրել չէր հաջողվել` 45 րոպե ընտրությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տառասխալ կա։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ 71 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը. Ալեն Սիմոնյանը 71 ձայն է ստացել, Արթուր Սարգսյանը` 0, իսկ Մխիթար Զաքարյանը` նույնպես 0 ձայն։
Ազգային ժողովի այսօրվա նիստն այսպիսով ավարտվեց։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստը բավական լարված մթնոլորտում էր անցնում, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց 2 պատգամավորներին։
Նիստը վարող տարիքով ամենաավագ պատգամավորը` Կնյազ Հասանովը, շատ դեպքերում շփոթվում էր և իր անելիքը չէր իմանում։