ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։
Գոտեմարտի ընթացքում բավականին լարված իրավիճակ ստեղծվեց։ Առաջին մրցափուլում Ալեքսանյանը մեկ միավոր վաստակեց մրցակցի պասիվության շնորհիվ, իսկ երկրորդ մրցափուլում նույն պատճառով մրցավարները միավոր շնորհեցին իրանցի ըմբիշին։ 1։1 հաշվի պայմաններում առավելությունը տրվում էր Սարավիին, քանի որ վերջին միավորը ինքն էր վաստակել։
Եվ եկավ «Սպիտակ արջի» ժամը։ Հայ ըմբիշը նախ երկու միավորանով հնարք կատարեց, ապա վաստակեց ևս մեկ միավոր ու ոչ մի շանս չտվեց մրցակցին։ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոնը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ, որտեղ մրցելու է իր վաղեմի ու ինչ–որ տեղ էլ մշտական դարձած մրցակցի՝ Մուսա Եվլոևի հետ։
Այս երկու ըմբիշների անհատական գոտեմարտերում առավելությունը առայժմ ռուսաստանցու կողմն է։ Բայց օլիմպիական խաղերի եզրափակիչը կարող է ամեն ինչ շտկել Ալեքսանյանի համար։
Հիշեցնենք` Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության էր մատնել Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այնուհետև նա 5։1 հաշվով հաղթեց ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենին։