Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը

Ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, և Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Կարեն Մուրադյանը հեռանում է «Արարատից»
Նշենք, որ 60 կգ քաշային կարգում 25-ամյա Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ հաղթանակով (5:5), իսկ երկրորդ գոտեմարտում 4:8 հաշվով պարտվել էր 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովին:
Եթե Տիմուրովը եզրափակիչի ուղեգիր նվաճեր, հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, սակայն ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, և Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Նշենք, որ Տիմուրովը 1:5 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մասնակիցներն են Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):