ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը խիստ ցածր արդյունավետություն և արտադրողականություն ունի։ «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook–ում։
«Մենք 7.5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան ԵԱՀԿ երկրների միջինն է։ Մենք պատրաստվում ենք ընկերություններին խորհրդատվություն տրամադրել, այսինքն` մասնագետները խորհուրդ կտան, թե ինչ է պետք անել, որպեսզի սարքավորումները, հոսքագծերը բարձրացնելով` արտադրողականությունը բարձրացվի»,–ասել է Քերոբյանը` հավելելով, որ եթե ստացվի 500 ընկերության նման խորհրդատվություն տրամադրել, ապա արտադրողականությունն էապես կբարձրացվի։
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, նախատեսում են ֆինանսավորման արտոնյալ հնարավորություններ տրամադրել ընկերությունների արդիականացման համար: Նրա խոսքով` այս հարցում կարևոր է թվային մոդեռնիզացիան։
«Այստեղ ես ուզում եմ մի բացահայտում անել. շատերին կարող է թվալ, որ թվային մոդեռնիզացիայի արդյունքում աշխատատեղերի կորուստ կունենաք, սակայն հակառակն է լինելու` շատ կվճարենք ու շատ աշխատատեղեր կունենանք»,–ասել է Քերոբյանը` ավելացնելով, որ հայաստանյան ընկերությունների 91 տոկոսը թվային առումով հասու չէ մեզ։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը հայտարարել էր` եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտա։