ՀՀ-ն բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը։ Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին Ազգային տոնի կապակցությամբ հղած իր ուղերձում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Հայաստանը բարձր է գնահատում պատերազմի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը շեշտել է նաև Շվեյցարիայի տրամադրած օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը։
Բացի այդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մեծապես կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Փաշինյանը հավելել է նաև, որ շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։