Հայաստանում պատվաստման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, մինչդեռ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ապահովել մեծ ընդգրկվածություն: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արման Բադալյանը:
«Covid-ի դեմ պատվաստումները չպետք է ինքնահոսի մատնել: Հակառակ դեպքում վիրուսը կշարունակի բազմանալ, նոր շտամներ կառաջանան: Այդ ժամանակ արդեն գործընթացն ավելի կբարդանա»,- ասաց նա։
Համաճարակաբանը նորմալ չի համարում, որ մեր երկրում օրական ավելի քան 200 մարդ է վարակվում կորոնավիրուսով, իսկ մահվան դեպքերը մոտենում են մեկ տասնյակին։ Նա համոզված է` պատկերը միանգամայն այլ կլիներ, եթե մարդիկ լսեին նեղ մասնագետներին և այսօր գոնե բնակչության կեսը պատվաստված լիներ: Առողջապահության նախարարությունն էլ ստիպված չէր լինի քաղաքացիների որոշակի խմբի հետ հարկադրանքի լեզվով խոսել:
«Շատերը ճարահատյալ պետք է պատվաստվեն կամ եթե չեն ուզում պատվաստվել, թող գնան 14 օրը մեկ թեստ հանձնեն, բերեն ցույց տան, որ վարակված չեն։ Ինչ խոսք, սա ճարահատյալ, բայց անհրաժեշտ որոշում է»,- նշեց Բադալյանը:
Համաճարակաբանը դժվարանում է ասել՝ ԱՆ-ն պարտադիր պահանջ սահմանելիս հաշվի առել է, որ, օրինակ, կարող են լինել մարդիկ, որոնց հակացուցված է պատվաստվելը: Մասնագետը, սակայն, այստեղ մեկ այլ ռիսկ էլ է տեսնում:
«Բնականաբար կան պատվաստման ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ։ Կարծում եմ, որ այդ կետը հաշվի առնված կլինի։ Դրա հիմնավորման դեպքում խնդիր չկա, թող չպատվաստվեն, սակայն վերահսկողություն էլ է պետք, որ մարդիկ առիթից չօգտվեն, նոր խնդիրներ չառաջանան»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանում օտարերկրացիներին, մասնավորապես հարևան իրանցիներին անվճար պատվաստելու գործընթացին՝ Բադալյանը նշեց, որ եթե մարդիկ ուզում են պատվաստվել, հնարավոր չէ նրանց մերժել:
«Միշտ ասում եմ` դժգոհում եք, որ շատ են այլ երկրներից պատվաստվողները։ Դո՛ւք գնացեք, թող իրենց հերթ չհասնի։ Դուք չեք պատվաստվում, հետո էլ դժգոհում եք, թե ինչու են մեր հարկերի հաշվին իրանցիներին պատվաստում»,-եզրափակեց համաճարակաբանը։
Նշենք, որ հուլիսի 30-ին առողջապահության նախարարությունը պատվաստումների թեմայով քննարկում էր կազմակերպել, որի ընթացքում առաջարկվել էր մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող, 18 տարեկանից բարձր անձանց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջ սահմանել: